ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կողմնորոշվել Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարի հարցում: Կարոլին Լևիթի հեռանալուց հետո այս պաշտոնը դեռ թափուր է, հայտնում են CBS News-ի աղբյուրները նախագահական վարչակազմում:
Լևիթի վերջին աշխատանքային օրը օգոստոսի 28-ն է՝ ուրբաթ օրը:
Սկզբնական շրջանում լրագրողների համար ճեպազրույցները հերթով կանցկացնեն վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչները: Աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի ծառայության և հաղորդակցության թիմի աշխատակիցները չեն ներգրավվի ամբիոնից ելույթ ունենալու աշխատանքներում:
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը դիտարկում է Լևիթի հնարավոր փոխարինողներին, սակայն գործընթացը դեռ ընթացքի մեջ է, և հստակ ֆավորիտներ չկան: Ավելի վաղ որպես հավանական թեկնածու նշվում էր պահպանողական մեկնաբան Սքոթ Ջենինգսը, սակայն աղբոյւրները նշում են, որ դա քիչ հավանական է:
Լևիթի թիմը կշարունակի աշխատել ամբողջ կազմով և կենթարկվի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգին: Նրա գործադիր օգնական Քիգան Նենգլը կտեղափոխվի նոր պաշտոն և պատասխանատու կլինի մամուլի հետ փոխգործակցության և լրագրողների աշխատանքի կազմակերպման համար:
Սպիտակ տնից հեռանալուց հետո Լևիթը կվերադառնա MAGA Inc. (Թրամփին աջակցող քաղաքական գործողությունների սուպերկոմիտե) և կշարունակի մնալ նրա հիմնական արտաքին խորհրդատուներից մեկը: Աղբյուրների համաձայն՝ նա նախատեսում է մասնակցել նաև այլ նախագծերի:
Թրամփը Լևիթի հեռանալու մասին հայտարարել էր երկու շաբաթ առաջ։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Լևիթը «ազդեցիկ ձայն կլինի Հանրապետական կուսակցությունում»։
