ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած անօդաչուների ու հրթիռների պարբերական արձակմանը, Հորմուզի նեղուցը շարունակում է գործել։ Այս մասին հայտնում է «CBS News»-ը։
Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը նաև վերացրել են նեղուցում տեղադրված ականները։
«Մենք մաքրել ենք ականները, ու նեղուցն աշխատում է, գործում է։ Այո՛, ժամանակ առ ժամանակ ԱԹՍ կամ հրթիռ են արձակում կամ նման մի բան, բայց նեղուցը լիովին նորմալ աշխատում է։ Այնտեղով մեծ քանակությամբ նավթ է անցնում»,- չորեքշաբթի օրը հեռարձակված հարցազրույցում պահպանողական ռադիոհաղորդավար Գլեն Բեքին ասել է Թրամփը։
Մինչդեռ ծովային փոխադրումների մասնագետները նշում են, որ պատերազմի սկզբից ի վեր Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով, ըստ էության, շատ քիչ նավթ է դուրս գալիս։
Մատակարարումները կարճ ժամանակով վերականգնվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարի ընթացքում, սակայն հուլիսի սկզբին մարտական գործողությունների վերսկսումից հետո փոխադրումները դարձյալ գրեթե կանգ են առել։
