Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և զբոսաշրջիկների սիրելի Բրետան մարզում սոցիալական լուրջ լարվածություն է առաջացել։ Տեղացիները դժգոհ են մայրաքաղաքից ժամանած հանգստացողների հոսքից և որոշ դեպքերում այդ դժգոհությունները վերածվել են բացահայտ թշնամանքի, գրում է Telegraph-ը։
Գույքի վնասման դեպքեր են արձանագրվել Ֆինիստեր դեպարտամենտում։ Փարիզյան համարանիշներով մեքենաների վրա վիրավորական գրություններ են քերծում, իսկ տների պատերին հայտնվում են «Բարի գալուստ փախստականներին, զբոսաշրջիկնե՛ր, տո՛ւն գնացեք» տիպի կարգախոսներով գրաֆիտիներ։
Տեղական իշխանությունները խստորեն դատապարտել են նման միջադեպերը։ Ափամերձ Պլոբանալեկ-Լեսկոնիլ քաղաքի քաղաքապետ Լուի Լե Ֆյուրը խորին վրդովմունք է հայտնել վանդալիզմի դրսևորումների առնչությամբ՝ ընդգծելով, որ մարզը միշտ եղել և պետք է բաց ու հյուրընկալ համայնք մնա բոլորի համար՝ անկախ բնակության վայրից։ Հարևան Պոբերմաշի քաղաքապետ Դավիդ Լե Բերը նույնպես անընդունելի է համարել մարդկանց ահաբեկելն ու հանրային վայրերում գտնվելու նրանց իրավունքը կասկածի տակ դնելու փորձերը։
Լարվածությունը խորանում է նրանով, որ ամռանը բրետոնական որոշ քաղաքների բնակչությունը եռապատկվում է։ Իրավիճակն ավելի է սրվել Ֆրանսիայի հարավում տիրող անանցանելի շոգի և անտառային հրդեհների ֆոնին․ զովություն փնտրող բազմաթիվ ֆրանսիացիներ շտապ փոխել են իրենց երթուղիները՝ հանգստի համար ընտրելով Բրետանի և Նորմանդիայի ափամերձ շրջանները։
Քաղաքապետերն ընդունում են, որ զբոսաշրջիկների կտրուկ ներհոսքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծում ենթակառուցվածքների համար․ առաջանում են կայանատեղիների ու խցանումների խնդիրներ, իսկ անշարժ գույքի շուկան տուժում է բնակարանների դեֆիցիտից (երկրորդ տուն գնողների թվի աճի պատճառով)։ Tourisme Bretagne տարածաշրջանային գործակալության տվյալներով՝ ֆրանսիացի զբոսաշրջիկներին է բաժին ընկնում մարզում գիշերակացերի մինչև 80%-ը, ընդ որում՝ դրանց մեկ երրորդը ժամանում է մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանից։
