ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դիտարկել սոցիալական ցանցերում անանուն օգտահաշիվներն (ֆեյքեր) օրենսդրորեն արգելելու հնարավորությունը: Նա այդ մասին ասաց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
Նախաձեռնության մասին Փաշինյանը խոսեց՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հարցին, թե ով է երկրում թիվ մեկ «ֆեյքը», և ով է ներպետական «ֆեյքերի» պատասխանատուն։
«Եկեք ընդունենք օրենք, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական ցանցերում պրոֆիլ ունենալը պետք է միայն նույնականացման միջոցով լինի։ Եկեք համատեղ քաղաքական կոնսենսուս ձևավորենք, սոցիալական հարթակներին էլ ասենք, որ մեր երկրում «ֆեյքերը» արգելված են, ու այն անձինք, որոնք անձնագրով չեն նույնականացվի, ապա բոլոր պրոֆիլները պետք է փակել։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ով է շահագրգռված «ֆեյքերով», ով՝ ոչ։ Առաջարկում եմ 2 խմբակցությունով (նկատի ունի ընդդիմությանը. խմբ.) քննարկեք, համատեղ աշխատանքային խումբ ստեղծեք, այդ օրենսդրական նախաձեռնությունը 100 տոկոս կողմ ձայներով ԱԺ-ում ընդունենք»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ իշխանությունը «ֆեյքերի ֆաբրիկա» ունի, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում քաղաքական հակառակորդներին թիրախավորելու և սեփական օրակարգը առաջ մղելու համար։
