ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, թե ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին։
«TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ Ագարակից բեռները մտնելու են Նախիջևան, ու դրա կառավարումը Հայաստանի համար էական նշանակություն ունի։ Հիշեցրեց՝ խորհրդային ժամանակներում Նախիջևանից երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մտել է Հայաստան և շարունակվել մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա մտել Թուրքիա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօր միջազգային ներդրողները, ոգևորված լինելով TRIPP նախագծով, Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ի համար սա խնդիր է, քանի որ երկիրը մեծ եկամուտներ, պոտենցիալ և աշխատատեղեր է կորցնում։ Այս ամենում Փաշինյանը մի խնդիր է տեսնում` պատճառն այն է, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Արևմուտքը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։
«Նրանք համարում են, որ նման ճանապարհով բեռնափոխադրում անելով` ռիսկի են դիմում։ Մենք խնդիր չունենք, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ, չնայած կապ չունի TRIPP-ի հետ, բայց երկաթուղային կապ է բացվելու նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Վրաստանի, Նախիջևանի և Հայաստանի տարածքով։
«Սա դարակազմիկ փոփոխություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ»,– ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ այն դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։
