«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Իսկ դուք գիտե՞ք աշխարհում տարեկան որքան թափոն է գոյանում» վերնագրով:

Աշխարհում տարեկան գոյանում են միջինում շուրջ 2.3-2.5 միլիարդ տոննա կոշտ կենցաղային թափոններ։ Բացի այդ, արդյունաբերական, գյուղատնտեսական և շինարարական թափոնների հետ միասին ընդհանուր ծավալը հասնում է մի քանի տասնյակ միլիարդ տոննայի։

Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը, երբ մոլորակի բնակչությունը կգերազանցի 9.5 միլիարդը, կենցաղային թափոնների տարեկան քանակը կանցնի 3.5 միլիարդ տոննան։

Թափոնների առաջացման աճը հատկապես նկատելի է քաղաքներում։ Ներկայումս աշխարհի բնակչության ավելի քան 55%-ը բնակվում է քաղաքներում, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։ Քաղաքային բնակչության մեծացումը ուղեկցվում է սպառման ավելացմամբ, հետևաբար՝ նաև թափոնների ծավալի աճով։

Վերջին տվյալներով՝ քաղաքային բնակիչները միջինում օրական արտադրում են մոտ 0.8-1.2 կգ կոշտ կենցաղային թափոն։ Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հաճախ ավելի բարձր է՝ հասնելով 1.5-2.2 կգ-ի մեկ մարդու համար, մինչդեռ զարգացող երկրներում այն կարող է կազմել 0.4-0.8 կգ։

Տարածաշրջանային տարբերությունները շարունակում են զգալի լինել։ Մեկ մարդը օրական առաջացնում է.

  • Հյուսիսային Ամերիկայում՝ միջինում 2.2-2.5 կգ թափոն,
  • Եվրոպայում՝ մոտ 1.2-1.5 կգ թափոն,
  • Ասիայում՝ մոտ 0.6-1.0 կգ թափոն,
  • Լատինական Ամերիկայում՝ մոտ 0.9-1.1 կգ թափոն,
  • Աֆրիկայում՝ մոտ 0.4-0.7 կգ թափոն:

Օրինակ՝ Եվրոպական միությունում մեկ բնակչին բաժին ընկնող տարեկան թափոնների քանակը ներկայում կազմում է մոտ 500 կգ՝ որոշ երկրներում հասնելով մինչև 800 կգ։ 🇺🇸 Իսկ ԱՄՆ-ում մեկ մարդը տարեկան առաջացնում է միջինում 830 կգ-ից ավելի կենցաղային թափոն, ինչը շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկը։

Այս տարբերությունները պայմանավորված են մի շարք գործոններով՝ տնտեսական զարգացվածության մակարդակով, սպառման մշակույթով, քաղաքաշինությամբ և թափոնների կառավարման համակարգերի արդյունավետությամբ։

Ընդհանուր միտումը, սակայն, հստակ է․ որքան բարձր է կենսամակարդակը, այնքան մեծ է մեկ մարդու կողմից առաջացվող թափոնների քանակը։

Այդ պատճառով ժամանակակից աշխարհում կարևոր խնդիր է ոչ միայն թափոնների քանակի նվազեցումը, այլև դրանց ճիշտ կառավարումը՝ վերամշակման, վերօգտագործման և կայուն սպառման սկզբունքների կիրառմամբ։

Share.