ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Երաժշտարվեստի ուղղությամբ կամավոր ատեստավորումը ներառում է մի շարք մասնագիտացումներ, իսկ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումն ընդգրկում է 20 մարզաձև և մասնագիտացում: Ատեստավորման ուղղությունները՝ այստեղ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
- մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
- ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
- դասավանդվող ուղղությունը, որից մանկավարժական աշխատողը պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.
- այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
- հանրային ծառայությունների համարանիշը.
- մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
- մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
- արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։
Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
- անունը, ազգանունը, հայրանունը.
- կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
- բնակության վայրը (մարզը, համայնքը).
- ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
- հանրային ծառայությունների համարանիշը.
- էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։
Ատեստավորման անցկացման ժամանակացույցը կհաստատվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և սահմանված կարգով կհրապարակվի։
Հայտերի լրացման մանրամասները՝ my.emis.am հարթակում:
