Իրանի իշխանությունները Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել են «անցանկալի անձ» և արգելել նրանց մուտքը Իրան։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի հատուկ հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ դիվանագետները խախտել են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նրանց «անօրինական գործողությունների բացահայտումից անցել է մի քանի շաբաթ», սակայն Ֆրանսիայի կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկել իրավիճակը շտկելու և նման միջադեպերը կանխելու համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել էր, որ հուլիսի 19-ին Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետ է ձերբակալվել։ Նրա խոսքով՝ նրանք զբաղվել են «քաղաքացիական հասարակության աջակցության» ֆրանսիական ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ իրանցի գիտնականների և արվեստագետների հետ աշխատանքով։ Դիվանագետներին մի քանի ժամ պահել են, հարցաքննել, իսկ նրանցից մեկի նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել և վերադարձել Ֆրանսիա։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Բարոյին հայտարարել է, որ դիվանագետների գործողություններն անընդունելի են և դրանք որակել է որպես ոչ պրոֆեսիոնալ։ Նա ընդգծել է, որ ընդունող երկրի օրենքների և դիվանագիտության համընդհանուր սկզբունքների պահպանումը «անհրաժեշտ պայման է օտարերկրյա ներկայացուցչությունների գործունեությունը շարունակելու համար»։
