Նավթի գները կրկին աճ են գրանցել այն բանից հետո, երբ լրացավ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար սահմանված երկամսյա ժամկետը, գրում է «The Guardian» պարբերականը:
Օգոստոսի 18-ի դրությամբ հակամարտության շուտափույթ ավարտի հեռանկարները մնում են անորոշ, իսկ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածությունը սրվում է:
Երեքշաբթի առավոտյան «Brent» տեսակի նավթի գինը հուլիսի 30-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 90 դոլարից՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91.63 դոլարի:
Շուկան արձագանքել է դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքներին: Երկուշաբթի օրն Իրանը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների ձախողման դեպքում ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի: Թրամփն իր հերթին Թեհրանից պահանջել է «բարձրացնել կապիտուլյացիայի սպիտակ դրոշը»:
Ամերիկայի նախագահը նաև սպառնացել է ռազմական հարված հասցնել Օմանին, եթե Մասկատը, որը մասնակցում է դիվանագիտական ջանքերին, «կանգնի նրա ճանապարհին» պատերազմն ավարտելու փորձերում: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ չի շտապում համաձայնագիր կնքել և մտադիր չէ Իրանի համար նոր ժամկետ սահմանել:
«Ես ժամանակային սահմանափակումներ չունեմ։ Ես չեմ շտապում», — ասել է նա «Fox News»-ին տված հարցազրույցում:
«IG» ներդրումային հարթակի ավագ տեխնիկական վերլուծաբան Անգելինա Օնգը նշել է, որ Օմանի հասցեին սպառնալիքը կարող է դառնալ այն բեկումնային պահը, երբ նավթի շուկան կդադարի հույս դնել մատակարարումների կարճաժամկետ խափանման վրա և գների մեջ կսկսի հաշվի առնել տևական ճգնաժամի ռիսկը:
Նրա խոսքով՝ եթե Օմանը հրաժարվի Թեհրանի հետ բանակցություններին մասնակցելուց, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները էապես կկրճատվեն։ Սովորական պայմաններում այս նեղուցով է անցնում նավթի համաշխարհային ծովային մատակարարումների մոտ մեկ քառորդը, որի պատճառով նավարկության հետագա սահմանափակումը կարող է զգալիորեն բարձրացնել նավթի գնի աշխարհաքաղաքական հավելավճարը:
Լարվածության ավելացման լրացուցիչ գործոն է դարձել երեքշաբթի օրը նեղուցով ընթացող բեռնատար նավի վրա հարձակման մասին տեղեկությունը։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնել է միջադեպի մասին այն բանից հետո, երբ իրանցի ներկայացուցիչը հայտարարել է երկրի՝ «լիովին հարձակողական» ռազմական դիրքորոշմանն անցնելու մասին:
«Kpler»-ի տվյալներով՝ երկուշաբթի օրը Հորմուզի նեղուցով հումքային բեռներով ընդամենը վեց նավ է անցել։ Համեմատության համար նշենք, որ շաբաթ և կիրակի օրերին նեղուցով ընդհանուր առմամբ անցել է նմանատիպ հինգ նավ։
«Deutsche Bank»-ի վերլուծաբանները հայտարարել են, որ նավթի գների աճը վկայում է այն մասին, որ ներդրողները գնանշումներում սկսում են հաշվի առնել Հորմուզի նեղուցի ավելի տևական փակումը:
«Alpine Macro» հետազոտական ընկերության աշխարհաքաղաքական ռազմավար Դեն Ալամարիուն նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների շարունակման դեպքում էներգետիկ շուկան կարող է բախվել «կրկնակի հարվածի»։ Նրա գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին նոր էսկալացիան կարող է հանգեցնել նավթի ու գազի գների և տատանողականության կտրուկ աճի, հատկապես Պարսից ծոցում տևական հակամարտության պարագայում:
