Մեծ Բրիտանիայից նորապսակներ Ալեքսանդր Քրոմին և Մարի Էբերտը օդաչուի հետ միասին զոհվել են Հունաստանի Սիֆնոս կղզում մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով։ Զույգը Հունաստանում էր հարսանեկան ճանապարհորդության ընթացքում, փոխանցում է BBC News-ը։

Ուղղաթիռը կործանվել է վայրէջքի հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Օդաչուն Հունաստանի քաղաքացի էր։

Kathimerini թերթի տվյալներով՝ Քրոմին և Էբերտը ուղղաթիռով թռիչք են կատարել Աթենքի մոտ գտնվող Մարկոպուլո գյուղից և ուղևորվում էին դեպի զբոսաշրջիկների շրջանում հայտնի Սիֆնոս կղզի։

Աղետը տեղի է ունեցել նախատեսված վայրէջքի ժամից քիչ առաջ՝ տեղական ժամանակով մոտ 18:15-ին։ Ուղղաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է մինչև երկուշաբթի երեկո մարել կրակը։

Սիֆնոսի փոխքաղաքապետ Մանոլիս Ֆունդուլակիսը, որը աղետից անմիջապես հետո ժամանել էր դեպքի վայր, Newsit տեղական հրատարակությանը հայտնել է, որ ուղղաթիռից գրեթե ոչինչ չէր մնացել։

Նրա խոսքով՝ տեղի բնակիչները տեսել են, թե ինչպես է ուղղաթիռը ընկել իրենց տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Ականատեսները նաև պատմել են «շարժիչի տարօրինակ ձայնի» մասին, որը լսվել էր ընկնելուց անմիջապես առաջ։

Զոհվածներից երկուսին հայտնաբերել են ուղղաթիռի բեկորների մեջ, երրորդին՝ կործանման վայրից փոքր-ինչ հեռու։

Հունաստանի ավիացիոն իշխանությունները սկսել են աղետի հանգամանքների քննությունը։ Նրանց մասնագետները պետք է երեքշաբթի ժամանեն դեպքի վայր՝ ապացույցներ հավաքելու և վկաներին հարցաքննելու համար։

Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հյուպատոսական օգնություն են ցուցաբերում զոհվածների հարազատներին և կապի մեջ են հունական իշխանությունների հետ։

Քրոմին աշխատում էր Blackstone ներդրումային ընկերությունում։ Այնտեղ ցնցված են հայտնել աշխատակցի և նրա կնոջ մահվան մասին՝ նշելով, որ ամուսինները Հունաստանում էին հարսանեկան ճանապարհորդության ընթացքում։

Share.