Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական Haberler⁠ պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ 

Զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել դիվանագիտական հնարավորությունները։ 

Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն և նշել, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղությանն ուղղված ջանքերին։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին։

Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ երեք երկրները վճռական դիրքորոշում են ցուցաբերել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Էրդողանը և Թրամփը քննարկել են նաև Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այն ժամանակ, երբ նպատակ է դրված անցնել Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլին, նկատվում է Իսրայելի կառավարության՝ պաղեստինցիների դեմ ուղղված գործողությունների աճ։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու Գազայի վերականգնմանն ուղղված քայլերին։

Share.