Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանի հետ շուտափույթ  բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թաիլանդի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սիհասակ Փուանգկեթկեուն։

«Մենք շատ շահագրգռված ենք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցում Թաիլանդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Թերևս, դա իմ այցի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է», – ասել է նա։

Փուանգկեթկեուն նշել է, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել է Ռուսաստան կատարած այցի ընթացքում, և հույս է հայտնել, որ այդ քննարկումները կարագացնեն համաձայնագրի կնքման գործընթացը։

«Մենք հույս ունենք, որ կայացած քննարկումներն անհրաժեշտ խթան կհաղորդեն գործընթացին, և  մենք կկարողանանք հնարավորինս շուտ սկսել Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սովորաբար նման գործընթացները քիչ ժամանակ չեն պահանջում, բայց մենք հույս ունենք, որ այս դեպքում կհաջողվի հնարավորինս արագացնել իրադարձությունների ընթացքը», – ընդգծել է նա:

Թաիլանդի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ռուսաստանում էր օգոստոսի 12-15-ը։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։

Share.