Իրավապահ և իրավական համակարգերում կադրային փոփոխություններ կարող են լինել ու ամենաքննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը»,- գրում է թերթը։
Նշենք, որ Ղազարյանը Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ
Ինչ վերաբերում է Ծովինար Թադևոսյանին, ապա նա Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին։
Կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օգոստոսի 7-ին ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։
