Իսրայելը չի պատրաստվում դուրս բերել իր ուժերը Գազայից և թույլ տալ անկլավի վերականգնումը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Դրա մասին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ամերիկացի էմիսար Ջարեդ Քուշներին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
Ըստ նրա՝ կողմերը միաժամանակ համաձայնել են, որ ամերիկացի գեներալը կվերահսկի խմբավորման սպառազինության ոչնչացման գործընթացը, ինչը պետք է դառնա հատվածի ապառազմականացման առաջին քայլը։ Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է վայր դնել զենքը, քանի դեռ դա չի կապվում իսրայելական հարվածների դադարեցման և զորքերի դուրսբերման մեկնարկի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Խաղաղության խորհրդի տնօրեն Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Ըստ Նեթանյահուի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խմբեր զինաթափման, ինչպես նաև սանիտարիայի, ջրամատակարարման և հանրային առողջապահության հարցերով։
Բացի դրանից, մեկ այլ իսրայելական աղբյուրի տվյալներով, Նեթանյահուն նշել է, որ Թրամփի վարչակազմի հրադադարի 15 կետից բաղկացած ծրագրի առաջմղումը, որը Իսրայելը նախկինում մերժել էր, «խնդրահարույց» կլինի Իսրայելում մոտեցող ընտրությունների պատճառով։ Աղբյուրը հավելել է նաև, որ Իսրայելի վարչապետը պնդում է շարունակել «ՀԱՄԱՍ-ի հրամանատարների թիրախային ոչնչացման» քաղաքականությունը։
