Ուկրաինայի զինված ուժերը առաջին անգամ Մեծ Բրիտանիայի արտադրության անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Թերթի տվյալներով՝ Ռուսաստանում արդյունաբերական և ռազմական օբյեկտների դեմ մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հասցված հարվածները ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգի տնտեսական վնաս են պատճառել։ Թերթը նշում է, որ դրանք հանգեցրել են վառելիքի պակասի և որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։
Թիրախների թվում եղել են նավթավերամշակման գործարաններ, ռազմածովային բազաներ, լոգիստիկ կենտրոններ և տրանսպորտային ցանցեր, այդ թվում՝ սահմանագծից ավելի քան 1600 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտ, հաղորդում է DW-ն։
Ուկրաինայի զինված ուժերում մի քանի աղբյուրներ հաստատել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում հարձակումների ժամանակ օգտագործվել են բրիտանական ԱԹՍ-ներ։ Թիրախների թվում եղել են Վոլգոգրադի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանները։ Հրատարակության տվյալներով՝ օրինակ, Բելգորոդի վրա հարձակման ժամանակ օգտագործվել է Nyan անօդաչու թռչող սարքը, որն արտադրվում է Ուիլթշիրում և փորձարկվել է Թագավորական ռազմածովային նավատորմի կողմից։ Nyan-ը սև հարվածային դրոն է՝ ածխածնային մանրաթելից պատրաստված, 2,9 մ թևերի բացվածքով և ավելի քան 240 կմ հեռահարությամբ։ Սա հնարավորություն է տալիս այն օգտագործել ռազմաճակատի գծի մոտ և Ուկրաինային հարակից Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների խոցման համար։
