Հայաստանում սննդի 2-3 հազար գրանցված առաքիչների առնվազն 10 տոկոսը վստահաբար ապահովված է սանիտարական (բժշկական) գրքույկով։ Տվյալները Sputnik Արմենիային հայտնել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` հիմնվելով առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների տրամադրած տեղեկությունների և ՍԱՏՄ վերահսկողության միջոցառումների արդյունքների վրա։
ՍԱՏՄ–ն ամիսներ առաջ հայտարարեց ոլորտում վերահսկողությունը խստացնելու և մարտի 1-ից շրջայցեր սկսելու մասին։ Սակայն տնտեսվարողներն օրենքի պահանջները կատարելու համար լրացուցիչ ժամանակ խնդրեցին` հայտնելով, որ իրենց հաշվարկներով սննդի առաքիչների թիվը հասնում է 2-3 հազարի, հետևաբար նրանց բուժզննությունը կազմակերպելու համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Օգոստոսի 1-ին, երբ լրացավ ՍԱՏՄ–ի հատկացրած արդեն լրացուցիչ ժամանակը, տեսուչները սկսեցին շրջայցերը, և արդեն հասցրել են ստուգել հայտարարված 2-3 հազար առաքիչների շուրջ 10 տոկոսին։
«Օգոստոսի առաջի 10 օրվա ընթացքում մոտավորապես 237 առաքիչ է ստուգվել։ Գրեթե բոլորը ունեցել են գրքույկներ, իսկ նրանք, ովքեր չեն ունեցել, պարզվել է, որ զբաղվում են ոչ սննդի առաքմամբ։ Մենք գոնե 1 հոգի չենք գտել, որը զբաղվում է սննդի առաքմամբ և այդ պահին չունի գրքույկ։ 10-15 օրվա ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ գործատուները` առաքման հարթակներն իրենց խոսքը պահել են, խնդիրը լուծել են»,– ասաց Հարությունյանը։
Բայց որքան էլ, որ ստուգումների արդյունքները գոհացնող են եղել, ՍԱՏՄ–ն խոստանում է, որ շարունակելու է խիստ հսկողությունը։
«Տեսուչները պարեկային ծառայության հետ միասին լինելու են փողոցներում, Երևանի և հանրապետության տարբեր հատվածներում և ստուգելու են, որպեսզի հասկանան, թե առաքման խնդիրը ինչ մակարդակի է լուծված»,– վստահեցրեց Անուշ Հարությունյանը։
Ստուգումներն իրականացվել ու իրականացվելու են հիմնականում դրսում` առաքման շղթայում։ Առաքման կազմակերպմամբ զբաղվող ընկերություններ այցելելը տեսչական մարմնում արդյունավետ չեն համարում։ Բանն այն է, որ դրանք ոչ թե գործատուներ են, այլ հարթակներ, որտեղ մարդիկ գրանցվում են որպես առաքիչ և հարթակի միջոցով ստանում պատվերներ։ Հարթակը նրանց տրամադրում է համապատասխան իրեր, այդ թվում` սնունդ տեղափոխելու պայուսակ–արկղեր։ Նոր կարգավորմամբ` հարթակներն այլևս չեն գրանցի այն առաքիչներին, ովքեր գրանցման պահին չեն ներկայացնի բժշկական գրքույկը։ Նախկինում նման պահանջ չկար, ինչը հանրության շրջանում բազմաթիվ մտահոգություններ էր ծնում` կապված սննդի անվտանգ լինելու, հնարավոր վարակներից զերծ մնալու հետ։
«Մենք կարողանում ենք հետևել հարթակին, տեսնել, թե տվյալ առաքիչը հարթակում որպես սնունդ տեղափոխող է գրանցված, թե ոչ։ Եթե սննդի առաքիչ է, ուրեմն ավտոմատ մտնում է մեր վերահսկողության դաշտ։ Բնականաբար, տեսուչը ստուգում է իր մոտ սանիտարական անձնագրի` բժշկական գրքույկի առկայությունը, բժշկական զննություն անցած լինելը»,– ընթացակարգը պարզաբանում է տեսչական մարմնի ներկայացուցիչը` հավելելով, որ օրենքի պահանջով առաքիչը պետք է բուժզննում անցնի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ։
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացի առաքիչներին, նրանց բուժզննությունը կացության իրավունք ունենալու դեպքում երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ։ Չնայած դրան, առաքման ծառայություն մատուցող խոշոր հարթակները հայտարարել են, որ առաջին անգամ աջակցել են իրենց գործընկեր–առաքիչներին բժշկական զննություն անցնելու և գրքույկ ստանալու հարցում։ Օրենքի պահանջը պահպանելու հետագա պարտավորությունն արդեն առաքիչների խնդիրն է, քանի որ ամբողջ պատասխանատվությունը կրելու է անհատը։
Սանիտարական գրքույկ չունենալու կամ պարտադիր բժշկական զննություն չանցնելու համար տուգանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 40- 50 հազար դրամ է, իսկ նույն խախտումը կրկնելու դեպքում` 80-100 հազար։
