COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երևանի Հաղթանակ կամուրջը Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում»,– նշել է Փաշինյանը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ անդրադառնալով գալիք իրադարձությանը, հայտնեց դրա նշանակության, կազմակերպչական աշխատանքների մասին․

«Համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ը առանձնահատուկ նշանակություն ունի նրանով, որ Հայաստանում իրականացվելու Կումնիկ-Մոնթրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը։

Համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր, կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան ընդհանուր 5,400 քմ տարածքով 4 վրանների վարձակալությունը, ինչպես նաև ձեռք է բերվելու կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Share.