Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի լիարժեք բացումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները, հաղորդում է Press TV-ն։

Ռեզային այդ մասին հայտարարել է երեքշաբթի Թեհրանում Չինաստանի դեսպան Ցզուն Պյուի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ նավագնացության լիարժեք վերականգնման համար ԱՄՆ-ը պետք է դադարեցնի պատերազմն Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ, ինչպես նաև ապասառեցնի իրանական սառեցված միջոցները։

«Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի»,- հայտարարել է Ռեզային։

Նա հավելել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին փոխանցել է նաև այլ պայմաններ անուղղակի բանակցությունների շրջանակում, որոնք վերջին շաբաթներին շարունակվում են երկու երկրների միջև։

Ռեզային ընդգծել է նաև , որ Հորմուզի նեղուցով տարանցման երթուղիների վերաբերյալ Իրանի և Օմանի հնարավոր համաձայնությունը չի ազդի ջրային ուղին փակելու կամ բացելու վերաբերյալ Թեհրանի որոշման վրա։

Նա նշել է, որ Իրանն ԱՄՆ-ից պահանջում է ոչ միայն պատերազմի և շրջափակման դադարեցում, այլև իրանական սառեցված ակտիվների ազատում, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ տարածաշրջանային համաձայնագրի կնքում, ներառյալ Լիբանանն ու Գազայի հատվածը։

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը մնում է ակտիվ դիվանագիտական ջանքերի առարկա։ ԱՄՆ-ը միջնորդների միջոցով փորձում է հասնել նավերի երթևեկության վերսկսմանը, քանի որ նավագնացության սահմանափակումները հանգեցրել են էներգակիրների և պարարտանյութերի համաշխարհային գների զգալի աճին։

Հունիսին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր Իրանի կողմից նեղուցում նավագնացության կառավարման հնարավորություն և տարանցման աստիճանական վերականգնում մինչև սովորական մակարդակ՝ ամերիկյան պատժամիջոցների և շրջափակման վերացման դիմաց։ Ավելի ուշ Թեհրանը կրկին սահմանափակումներ մտցրեց՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը խախտել է պայմանավորվածությունները՝ փորձելով խաթարել Իրանի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ։

Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը Ռեզային նաև բարձր է գնահատել Պեկինի դիրքորոշումը, որը մարտին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական արշավի ժամանակ հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «անօրինական և հակաիրանական» բանաձևի նախագծի դեմ։

Նա ընդգծել է Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և նշել, որ երկու երկրների անդամակցությունն այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում երկկողմ կապերի զարգացման համար։

Չինաստանի դեսպան Ցզուն Պյուն, իր հերթին, հաստատել է Պեկինի դիրքորոշումը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների դեմ։ Նա նշել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինն առաջ է քաշել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ չորս կետից բաղկացած նախաձեռնություն։

Ավելի ուշ Ռեզային նաև X սոցիալական ցանցում հրապարակել է գրառում, որում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Իրանի բոլոր պայմանների կատարումը։

Share.