Ստամբուլի օդանավակայանն առաջին անգամ ուղևորների թվով առաջ անցավ Լոնդոնի Հիթրոուից և հուլիսի արդյունքներով դարձավ Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը, գրում է The Guardian-ը։
Անցյալ ամիս Ստամբուլի օդանավակայանի տերմինալներով անցել է 8,15 միլիոն ուղևոր, մինչդեռ Հիթրոուն սպասարկել է 7,9 միլիոն մարդու։ Բրիտանական օդանավակայանի ուղևորահոսքը նվազել է 1,5%-ով՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Իսկ Ստամբուլում, ընդհակառակը, ցուցանիշն աճել է 2,3%-ով։
Համավարակից առաջ ավելի քան երկու տասնամյակ շարունակ Հիթրոուն ուղևորահոսքի ծավալով մնում էր Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանը։ 2020 թվականին ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով Հիթրոուն իջավ առաջին հորիզոնականից, իսկ 2023-ին կրկին դարձավ առաջատար։
Հիթրոուում արդեն հայտարարել են, որ նոր տվյալները հաստատում են օդանավակայանի ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա երկու թռիչքուղիներն աշխատում են գրեթե իրենց հնարավորությունների սահմանին, և ղեկավարությունը ձգտում է թույլտվություն ստանալ երրորդի կառուցման համար։ 33 միլիորդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ նախագիծը հնարավորություն կտա օդանավակայանի թողունակությունը հասցնել տարեկան մինչև 150 միլիոն ուղևորի։
Սակայն Ստամբուլի հետ համեմատությունն ունի իր առանձնահատկությունները։ Ստամբուլի ներկայիս օդանավակայանը բացվել է 2018 թվականին նոր վայրում և աստիճանաբար փոխարինել է Աթաթուրքի անվան օդանավակայանին՝ որպես քաղաքի գլխավոր միջազգային ավիացիոն հանգույց։ Այն զբաղեցնում է զգալիորեն ավելի մեծ տարածք և ի վիճակի է գործել շուրջօրյա։
Բացի դրանից, Ստամբուլի առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է՝ Եվրոպայի, Ասիայի և Պարսից ծոցի երկրների միջև երթուղիների խաչմերուկում։
Ստամբուլի օդանավակայանի գլխավոր տնօրեն Սելահաթթին Բիլգենը ուղևորահոսքով առաջնորդությունն անվանել է «նշանակալի հանգրվան»։ Ըստ նրա՝ երեք անկախ թռիչքուղիներն օդանավակայանին հնարավորություն են տալիս միաժամանակ և շուրջօրյա աշխատել, ինչն օգնում է խուսափել թողունակության սահմանափակումներից։
Օդանավակայանից հայտնել են նաև, որ չորրորդ թռիչքուղին պետք է շահագործման հանձնվի մինչև տարվա վերջ, ինչը հնարավորություն կտա մեծացնել սպասարկվող չվերթների և ուղևորների ծավալը։
Ուղևորահոսքի աճի ֆոնին հուլիսին ռեկորդային ցուցանիշներ են գրանցել նաև բրիտանական մյուս օդանավակայանները։ Լոնդոնի Ստանստեդը սպասարկել է 3,1 միլիոն ուղևոր, ինչը 6,3%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, իսկ Մանչեստրի օդանավակայանը՝ 3,4 միլիոն ուղևոր՝ սահմանելով հուլիսի նոր ռեկորդ։
Բրիտանական կառավարությունն ավելի վաղ աջակցել էր Հիթրոուի ընդլայնմանը։ Ծրագիրը նախատեսում է մինչև 2035 թվականը կառուցել երրորդ թռիչքուղի։ Սակայն նախագծին դեմ են արտահայտվում որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ՝ նշելով, որ խոշոր ենթակառուցվածքային ներդրումներն արդեն հերթական անգամ կենտրոնացվում են Լոնդոնում։
