Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել առաջին հերթին հենց Հայաստանին։
Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմային էլեկտրակայանը, որի կառավարումը, նրա խոսքով, հայկական կողմի ձեռքում չէ։
Նա վստահություն է հայտնել, որ «կայանը հնացած է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար», թեև ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել էին, որ կայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։
«Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս տարբեր միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ։
ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, և վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլինի», — նշել է Ալիևը։
