Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման համար անհրաժեշտ պայմանները բացակայում են, քանի դեռ պահպանվում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմածովային շրջափակումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr։

Նա հավելել է, որ հենց ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իր ապակառուցողական գործողությունները և քավի իր մեղքը, որպեսզի կողմերը հետո կարողանան քննարկել հետագա քայլերը։

Հարցին, թե արդյոք Իրանը կարող է տարանցիկ վճարներ սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, Բաղային պատասխանել է, որ այս հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև նավագնացության անվտանգության վերահսկման մեխանիզմները, բնապահպանական հարցերը և ծովային ծառայությունների մատուցումը։ Բաղային նշել է, որ նման ծառայությունների մատուցումը, բնականաբար, ենթադրում է վճար։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը Իրանի վրա է դնում Հորմուզի նեղուցի ապագա կառավարման պատասխանատվությունը, ներառյալ դրա անվտանգության ապահովումը, ինչը ենթադրում է ջրային ճանապարհի պահպանություն և ականազերծում։ Բաղային հավելել է, որ այս հարցը պետք է կարգավորվի երկու ափամերձ պետությունների՝ Իրանի և Օմանի միջև։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ համաձայնության ձեռքբերումից հետո հյուսիսային և հարավային երթուղիները կմիավորվեն մեկ կենտրոնական երթուղու մեջ, և հավելել է, որ ներկայիս իրավիճակը ստեղծել են ԱՄՆ-ը՝ գծելով երթուղի, որը հակասում է Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրին։

Share.