ՌԴ Թաթարստանի շրջանում գտնվող Նիժնեկամսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 39-ը՝ վիրավորվել։ Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։
Հարձակման թիրախում են հայտնվել արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ։ Նիժնեկամսկում է գտնվում Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը։
Ռուսական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է նաև տարածաշրջանի նավթավերամշակման գործարանը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թաթարստանի ղեկավարի որոշմամբ՝ Նիժնեկամսկում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցնող գիշերվա ընթացքում ռուսական զինուժը որսացել և ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք։
