Գերմանիայի արևմուտքում գտնվող ռազմական բազայի վերևում նկատել են երկու անօդաչու սարք. դա տեղի է ունեցել Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների մոտ պայթուցիկով դրոնի հայտնաբերումից մի քանի օր անց։
Բազան գտնվում է Մեխերնիխ քաղաքում՝ Հյուսիսային Ռեյն — Վեստֆալիա երկրամասի տարածքում, Բոննից ոչ հեռու. առկա տվյալների համաձայն՝ այնտեղ պահվում են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի բաղադրիչներ։
Բունդեսվերի զինված ուժերի հրամանատարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որից հետո գործը փոխանցվել է տեղական ոստիկանությանը։
Ավելի վաղ եվրոպացի որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին մեղադրում էին ԱԹՍ-ների կիրառմամբ դիվերսիաների փորձերի մեջ, սակայն Մոսկվան այդ պնդումները աբսուրդային էր անվանել։
ՀՕՊ համակարգերը, առաջին հերթին՝ Patriot-ը, վճռորոշ նշանակություն ունեն Ուկրաինայի՝ ռուսական բալիստիկ հրթիռները որսալու կարողության համար։ Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է դաշնակիցներին՝ լրացուցիչ հակահրթիռների մատակարարումներ խնդրելով։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը Bild թերթին ասել է, որ Գերմանիան դարձել է «ապակայունացնող հարձակումների» գլխավոր թիրախներից մեկը։
«Մենք պատերազմի վիճակում չենք, բայց ամեն օր թիրախ ենք դառնում հիբրիդային պատերազմի պայմաններում», — նշել է նա։
