Եվրոպայում չինական ապրանքանիշերի էլեկտրամոբիլների վաճառքները հասել են ռեկորդային մակարդակի. 2026 թվականի առաջին հինգ ամիսներին դրանց բաժին է ընկել Արևմտյան Եվրոպայի երկրների նոր էլեկտրամոբիլների վաճառքների 14,2%-ը, կամ մոտավորապես յուրաքանչյուր յոթերորդ էլեկտրամոբիլը, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Schmidt Automotive Research-ի տվյալներին։
Հունվար-մայիս ամիսներին չինական արտադրողները Արևմտյան Եվրոպայի 18 խոշորագույն շուկաներում վաճառել են մոտ 171,8 հազար էլեկտրամոբիլ՝ իրենց մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացնելով գրեթե հինգ տոկոսային կետով։
Եվրոպական շուկայում իրենց ներկայությունն ակտիվորեն ընդլայնում են BYD-ը, Chery-ն, SAIC-ը և Xpeng-ը։ Վաճառքների աճը տեղի է ունենում՝ չնայած Եվրամիության կողմից չինական մի շարք արտադրողների էլեկտրամոբիլների նկատմամբ սահմանված լրացուցիչ մաքսատուրքերին՝ մինչև 35,3%՝ ստանդարտ 10-տոկոսանոց ներմուծման մաքսատուրքից բացի։
Չինական էլեկտրամոբիլների համար եվրոպական ամենախոշոր շուկան դարձել է Մեծ Բրիտանիան, որը ԵՄ-ի հետևից չգնաց և լրացուցիչ գանձումներ չսահմանեց։ Դրան բաժին է ընկել Արևմտյան Եվրոպայի 18 հիմնական շուկաներում չինական էլեկտրամոբիլների վաճառքների մոտ մեկ քառորդը։
Իտալիան ապահովել է վաճառքների մոտ մեկ հինգերորդը։ Սակայն վերլուծաբանները նման արդյունքը բացառություն են համարում. չինական Leapmotor ընկերությունը երկիր է մատակարարել հազարավոր էժան T03 էլեկտրամոբիլներ, որոնք պետական սուբսիդիաների շնորհիվ որոշակի ժամանակահատվածում հնարավոր էր ձեռք բերել մոտ 5 հազար եվրոյով։
Չինական ավտոարտադրողները նաև զգալիորեն ընդլայնել են տեսականին. այս տարի եվրոպական շուկայում ներկայացվել է նրանց ավելի քան 120 մոդել՝ եվրոպական բրենդների մոտ 100 մոդելի դիմաց։
Միևնույն ժամանակ Schmidt Automotive Research-ի հիմնադիր Մաթիաս Շմիդտը կարծում է, որ ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների շուկայում չինական արտադրողների մասնաբաժինը կարող էր հասնել գագաթնակետին։ Նրա գնահատմամբ, ընկերություններըն ավելի ակտիվորեն կխթանեն վերալիցքավորվող հիբրիդները, քանի որ դրանց վրա ԵՄ-ի լրացուցիչ մաքսատուրքերն առայժմ չեն տարածվում։
Մինչդեռ Եվրոպայում քննարկում են հիբրիդային ավտոմեքենաների նկատմամբ սակագնային միջոցների հնարավոր ընդլայնումը։ Volkswagen-ի ղեկավար Օլիվեր Բլումեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական արտադրողները չեն կարող մրցակցել չինական ընկերությունների հետ այս հատվածում։
Եվրոպական շուկայում նաև վերականգնվել են Tesla-ի վաճառքները. դրանք տարեկան արտահայտությամբ աճել են 60%-ով։ Դրան նպաստել է Model 3-ի և Model Y-ի ավելի մատչելի տարբերակների նկատմամբ պահանջարկի աճը։ Միևնույն ժամանակ Model Y-ը տարվա առաջին հինգ ամիսներին դարձել է Եվրոպայում ամենավաճառվող ավտոմեքենայի մոդելը։
