Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) օգոստոսի 8-ին X-ում հրապարակած հայտարարությամբ դատապարտել է «որոշ անձանց կողմից իր նախագահ Ջանի Ինֆանտինոյի հեղինակությունը խաթարելու փորձերը»՝ միջազգային մրցաշարերի մասնակի մասնավորեցման նրա ծրագրի շուրջ սկանդալի ֆոնին։ Ծրագիրն այժմ հետաձգված է։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ընդդիմախոսները փորձում են արդյունքի հասնել «մեղադրանքների, ակնարկների կամ ապատեղեկատվության միջոցով»։ ՖԻՖԱ-ն Ինֆանտինոյի մասին հրապարակումներում հիշատակում է «չհաստատված պնդումներ և ակնհայտորեն կեղծ հայտարարություններ»։
Մեկ օր առաջ բրիտանական The Telegraph թերթը գրել էր, որ Ինֆանտինոն օգտագործել է իր ազդեցությունը՝ ՈՒԵՖԱ-ի աշխատակիցներից մեկի պաշտոնական առաջխաղացումն ապահովելու համար։ Ըստ հրապարակման՝ Ինֆանտինոյի և այդ աշխատակցուհու միջև եղել են ինտիմ հարաբերություններ, իսկ աշխատանքից հեռանալիս նա որպես փոխհատուցում ստացել է «վեցանիշ գումար»՝ տարեկան 53 հազար եվրո արժողությամբ MBA բիզնես-դպրոցում ուսման վարձի փոխհատուցումից բացի։
