Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս տարի օգոստոսի 16–ին կնշի սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Տեղեկությունը հայտնում է Մայր առթռի տեղեկատվական համակարգը։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Խաղողօրհնեքի ավանդույթն ու ժողովրդական սովորույթները
Այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Աստվածածնի տոնը
Ավանդության համաձայն՝ սուրբ կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ սուրբ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Ապա սուրբ կույսը սուրբ Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ սուրբ Հովհաննեսը Հիսուսի մայր սուրբ Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և սուրբ Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Երբ սուրբ կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր:
Ապա Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է սուրբ կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը։
