Հարավկորեական JTBC հեռուստաալիքը հրապարակել է երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության աուդիտի նյութերը, ըստ որոնց՝ Կորեայի ֆուտբոլային ասոցիացիան (KFA) 2011–2012 թվականներին կորպորատիվ քարտեր է օգտագործել օտարերկրյա ֆուտբոլային մրցավարների համար ինտիմ ծառայությունների վճարման նպատակով։

Ըստ փաստաթղթերի՝ նման ծախսեր արձանագրվել են առնվազն ազգային հավաքականի մասնակցությամբ յոթ հանդիպումներից առաջ, դրանց թվում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի, օլիմպիական ընտրական մրցաշարի և ընկերական խաղերի շրջանակում։ Վճարումների չափը կազմել է 198 հազարից մինչև 750 հազար հարավկորեական վոն։

JTBC-ի տվյալներով՝ այդ հանդիպումները սպասարկած մրցավարների թվում եղել են Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Բահրեյնի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ Մի շարք դեպքերում վճարումը կատարվել է հանդիպումների մեկնարկից քիչ առաջ, իսկ մի դրվագում՝ նույնիսկ խաղի ընթացքում։

Միևնույն ժամանակ, հրապարակված նյութերը չեն պարունակում ապացույցներ այն մասին, որ մատուցված ծառայություններն ազդել են մրցավարների որոշումների կամ հանդիպումների արդյունքների վրա։ Հարավային Կորեայի հավաքականը այս յոթ խաղերից և ոչ մեկում չի պարտվել՝ տանելով հինգ հաղթանակ և երկու անգամ խաղալով ոչ-ոքի։

KFA-ի նախկին աշխատակիցները JTBC-ին հայտնել են, որ այդ շրջանում նման գործելակերպը համարվել է սովորական, իսկ նախաձեռնությունը, նրանց պատմելով, հաճախ բխել է հենց օտարերկրյա մրցավարներից։ Ասոցիացիայի նախկին ղեկավարներից մեկը խոստովանել է, որ ֆեդերացիան ձգտում էր մրցավարների համար առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել։

Իր հերթին, KFA-ում հայտնել են, որ խոսքը մոտ 15 տարվա վաղեմության իրադարձությունների մասին է։ Ֆեդերացիայում նշել են, որ 2013 թվականից գործում է կորպորատիվ ծախսերի վերահսկման համակարգ, որն արգելում է նման ծառայությունների վճարումը, իսկ կորպորատիվ քարտերի օգտագործման բոլոր հանգամանքները այսքան երկար ժամանակ անց ստուգելը դժվար է։

Share.