Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, Երևանի Շերամի 13/3 հասցեում գտնվող արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակման և սննդամթերքի մեջ օտար մասնիկների հայտնվելու վտանգը, ինչպես նաև չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի պահպանման պատշաճ պայմանները։

Բացի այդ, արտադրամասի շենքում և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը մեծացրել է սննդամթերքի աղտոտման վտանգը։ Արձանագրվել է նաև, որ արտադրամասի պատերի մի շարք հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից, իսկ առաստաղի մի մասը չի ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը։

Տեսչական մարմինը նաև արձանագրել է, որ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքային մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։ Միաժամանակ, սննդամթերքի հետ անմիջապես շփվող բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին և չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան ժամկետ։

Share.