Ռումինիան հինգշաբթի Դանուբում քարերով բեռնված չորս բեռնանավերի խորտակման արտակարգ գործողություն է սկսել, որպեսզի փոխի ջրի հոսքի ուղղությունը դեպի «Չեռնավոդա» ատոմային էլեկտրակայան և հետաձգի երկրորդ ռեակտորի կանգառը՝ ջրի մակարդակի ռեկորդային նվազման պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Տարածաշրջանում անոմալ շոգն ու տեղումների պակասը հանգեցրել են նրան, որ վերջին շաբաթվա ընթացքում Դանուբի մակարդակն իջել է պատմականորեն նվազագույն ցուցանիշների։ Դա արդեն ստիպել է Ռումինիայի իշխանություններին կանգնեցնել «Չեռնավոդա» ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը, որը լիարժեք հզորությամբ ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 20%-ը և ռեակտորային կայանքների հովացման համար օգտագործում է գետի ջուրը։

Լաստանավերը բեռնված էին քարերով, որոնք ռումինացի զինվորականները ձեռք էին բերել Բալա ջրանցքի մոտ գտնվող գետի հատվածում պայթեցման աշխատանքներ իրականացնելուց հետո։ Խորտակումից հետո դրանք պետք է ստեղծեն ստորջրյա պատնեշ, որը ջրի հոսքը կվերաուղղի դեպի Դանուբի հիմնական հունը և կմեծացնի ատոմակայան հասնող ջրի հոսքը։
«Չեռնավոդա» ԱԷԿ-ի տնօրեն Ռոմեո Ուրջանը Digi24 հեռուստաալիքին հայտնել է, որ չորեքշաբթիից հինգշաբթի գետում ջրի մակարդակը նվազել է ևս մոտ 2 սանտիմետրով։ Նրա համոզմամբ՝ առանց այդ գործողության, հավանաբար, հինգ-վեց օրից ստիպված կլինեն կանգնեցնել նաև երկրորդ ռեակտորը։
«Եթե տեղադրված լաստանավերը ջրի լրացուցիչ ներհոսք ապահովեն, ապա հինգ-վեց օրվա փոխարեն այսօրվանից խոսքը կլինի ինը-տասը օրվա աշխատանքի մասին»,- ասել է Ուրջանը։
Նա հավելել է, որ լաստանավերի խորտակումից ստացվող ազդեցությունն ԱԷԿ կհասնի մոտ մեկ օր անց, քանի որ կայանը հոսանքով ներքև է ընկած՝ մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։

Առաջին ռեակտորի կանգառումից հետո Ռումինիայի իշխանությունները մի շարք արտակարգ միջոցառումներ, դրանց թվում՝ գետի հունի խորացում են ձեռնակել։ Երկրում Դանուբի ջրի ծախսը նվազել է շուրջ վայրկյանում 1400 խորանարդ մետր՝ կազմելով տարվա այս եղանակի սովորական ցուցանիշի մեկ երրորդից պակասը։
Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար Իլիե Բոլոժանը հուլիսի 31-ին էներգետիկ ոլորտում բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարել և կրկին բնակիչներին ու տեղական իշխանություններին կոչ է արել երեկոյան պիկ ժամերին կամավոր սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը։
Բոլոժանը նշել է, որ իրականացվող աշխատանքներն ուղղված են անհրաժեշտ ջրի հոսքի պահպանմանը, որպեսզի երկրորդ ռեակտորը կարողանա շարունակել աշխատանքը «առավելագույն հզորությամբ»։ Նա նախազգուշացրել է, որ ԱԷԿ-ի ամբողջական կանգառը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, հատկապես եթե հարևան երկրները չկարողանան ավելացնել մատակարարումները երաշտով պայմանավորված իրենց խնդիրների պատճառով։
Դանուբի մակարդակի նվազումը խնդիրներ է ստեղծել նաև տարածաշրջանի այլ երկրների համար։ Հունգարիայում գետի մակարդակի ռեկորդային անկումը երկրի միակ «Պակշ» ԱԷԿ-ը հասցրել է ամբողջական կանգառի եզրին՝ մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ։ Մոլդովայում, որը զգալիորեն կախված է էլեկտրաէներգիայի ներմուծումից, իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պիկ ժամերին կամավոր կրճատել սպառումը։
