Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին, որոնք դեռևս ունեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, կոչ է անում դրանք մատակարարել Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ գործընկերները Կիևին ՀՕՊ-ի բավարար միջոցներ չեն մատակարարում։
«Ուկրաինան շտապ ՀՕՊ-ի միջոցների կարիք ունի։ Բարձր ներկայացուցիչը (խմբ.՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս) արդեն կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին, որոնք ունեն (խմբ.՝ ՀՕՊ-ի հրթիռների) պաշարներ, Ուկրաինային տրամադրել դրանք ստանալու հնարավորություն», – Հիպերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին նույն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռազմական ֆինանսավորում է տրամադրում Կիևին «առավելագույնս արագ», բայց առայժմ այդ բոլոր միջոցները ծախսվում են միայն հարձակողական սպառազինության վրա՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։
«Մենք (այս տարվա հունիսից) արդեն տրամադրել ենք 8,5 միլիարդ եվրո Ուկրաինայի ռազմական կարիքների համար։ Այդ գումարն ուղղվել է կործանիչների, հարվածային հրթիռների, փոքր և հեռահար շառավղով գործողությամբ անօդաչու թռչող սարքերի գնման համար։ Սա այն է, ինչ մենք մինչև այս պահը ֆինանսավորել ենք։ Բայց կարիքները որոշում է Ուկրաինան։ Նա պետք է որոշի իր կարիքները մարտի դաշտում, մեզ տրամադրի գնումների պայմանագրերը, մենք կուսումնասիրենք դրանք և կշարունակենք ֆինանսավորումը», – ասել է նա։
Զելենսկին օգոստոսի 5-ին հայտարարել է, որ գործընկերների կողմից մատակարարվող ՀՕՊ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է երեք անգամ։
