Իտալիայի առողջապահության նախարարությունն այս տարի առաջին անգամ երկրի 27 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, շոգի պատճառով հայտարարել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Համապատասխան ծանուցումը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
Երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Տոսկանայում, Լացիոյում և Կամպանիայում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի։ Բոլոնիայում և Ֆլորենցիայում սպասվում է մինչև 39 աստիճան շոգ, իսկ Հռոմում և Միլանում ջերմաստիճանը կպահպանվի 37-38 աստիճանի սահմաններում։
Օդերևութաբանները նաև նախազգուշացնում են այսպես կոչված «արևադարձային գիշերների» մասին՝ նշելով, որ նույնիսկ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը չի իջնի 20-25 աստիճանից ցածր։ Նրանց գնահատմամբ՝ աֆրիկյան անտիցիկլոնի ազդեցությունը երկրում կպահպանվի առնվազն մինչև ամսվա կեսը։
Շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում պահպանել անվտանգության կանոնները։ Հատկապես զգոն պետք է լինեն երեխաներն ու տարեցները․ նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
