Ռուսաստանի Դաշնությունը կասեցրել է Հայաստանից ներկրված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ արտադրողը խախտել է նշված արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները: Ուստի «ՌԴ քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու» նպատակով ապրանքը ստիպված են եղել հանել խանութների դարակաշարերից, գրում է «Коммерсант» պարբերականը:
«Այսպիսով, 2026 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ արգելքի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հիմնական արտահանման և սննդամթերքի գրեթե ողջ ծավալը: Պատճառը, ինչպես նշվել է վերևում, բուսասանիտարական և նմանատիպ այլ նորմերի խախտումն է: Ընդ որում, բառացիորեն վերջերս՝ 2026 թվականի օգոստոսի 2-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետի պաշտոնում վերանշանակելու մասին: Այնպես որ, տեղի ունեցածը կարելի է յուրօրինակ «նվեր» համարել տոնական ամսաթվին:
Ավելի վաղ կառավարության ղեկավարը հասկացրել էր, որ չի պատրաստվում կատարել Ռուսաստանի վերջնագրի նման պահանջները և ընտրություն կատարել Եվրոպայի ու Եվրասիական տնտեսական միության միջև: Բացի այդ, հին-նոր վարչապետը հրաժարվել է դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ վկայակոչելով կազմակերպության կանոնակարգը: Փաստաթղթի համաձայն՝ ինտեգրացիոն միավորման մասնակցին ոչ ոք չի կարող հեռացնել առանց նրա համաձայնության: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարող է տարեկան 2 միլիարդ դոլար պահանջել Ռուսաստանից հայկական երկաթուղու վարձակալության համար, ինչը վրդովմունք է առաջացրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում:
«Ի՞նչ կլինի հետո: Ըստ ամենայնի, հարաբերությունները հետևողականորեն կվատթարանան: Ամեն ինչ տանում է նրան, որ կողմերը կբախվեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման հարցին: ՌԴ ներքին անձնագրով Հայաստան մուտք գործելն էլ, թերևս, շուտով անհնարին կդառնա:
Ըստ էության, հենց այս երկու գործոնն էլ վկայելու են Երևանի կողմից ԵՄ-ի և Մոսկվայի միջև կատարած ընտրության մասին (ընդ որում՝ առանց որևէ հանրաքվեի):
Եվրոպական միության օրենքները համընդհանուր սահմանային վերահսկողություն են նախատեսում Շենգենյան գոտու մեջ չմտնող երկրների հետ (վիզային ռեժիմ): Առավել ևս վայել չէ, երբ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի տարածքում գտնվում են մի պետության զորքեր, որը գրեթե գլխավոր սպառնալիք է ճանաչված Եվրոպայի համար: Այնպես որ այս դիմակայությունը կարող է շատ հեռուն գնալ:
Ի դեպ, Կրեմլի գլխավոր հաղթաթղթի մասին. Երևանն Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է իրականացնում, ինչը թույլ է տալիս նվազեցնել նախկին մետրոպոլիայից ունեցած կախվածությունը: Թեև, անշուշտ, նոր դաշնակիցներին, օրինակ՝ Դոնալդ Թրամփին բարկացնելու վտանգ կա: Ընդ որում, Թեհրանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց էլեկտրաէներգիայի խիստ կարիք ունի՝ հատկապես իր ռազմավարական օբյեկտներին հնարավոր հարվածների ֆոնին: Ի վերջո, բավական ուշագրավ համադրություն է ստացվում: Թվում է՝ ի՞նչ կապ ունի այստեղ հայկական ջուրը․ ձևականորեն՝ ոչ մի, իսկ մյուս կողմից՝ նայած թե ինչպես դիտարկես»,— նշում է պարբերականը:
