ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը Իրանին «շատ ուժեղ հարված» կհասցնեն։
«Նեղուցը շատ շուտով կբացվի, կամ նրանք կստանան շատ ուժեղ հարված, և այդ դեպքում նեղուցը կբացվի», — ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության գալ։
«Մենք շատ լավ քննարկումներ ենք անցկացնում։ Նրանք չեն սիրում դա ընդունել», — նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունների համար բավական ժամանակ ունի։
Թրամփը նաև ընդգծել է, որ «եթե նրանք (Իրանի իշխանությունները — խմբ.) կրկին հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններից, ապա նրանց իսկապես լուրջ հարված կհասցվի»։
«Նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են։ Ես ընտրություն չունեմ։ Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Ամեն ինչ շատ պարզ է», — ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության կնքմանը։ Ըստ աղբյուրների՝ դրա մասին կարող են հայտարարել արդեն օգոստոսի 5-ին։
