Wildberries-ի ու Ozon-ի լոգիստիկ հաբերին և նավթավերամշակման գործարաններին հարվածելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը, ըստ ամենայնի, անօդաչուների համար նոր թիրախ են դարձրել սննդամթերքի պահեստները։

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, դրոններն առաջին անգամ թիրախավորել են «Լենտա» ցանցի բաշխիչ կենտրոնը։ Միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի «Սևերգրուպ» ընկերությանը պատկանող խոշորագույն այս ցանցը ավելի քան 7 հազար խանութով ունի երկրի ողջ տարածքում։

«Ֆոնտանկա» թերթին ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լենինգրադի մարզում գտնվող հաբի տարածքում ԱԹՍ-ի անկումը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Տեղում բռնկված հրդեհը մարվել է մոտ 4 ժամում. աշխատակիցներից մեկը ստացել է այրվածքներ։

Ընկերությունում վստահեցրել են, որ խանութներում ապրանքների բավարար պաշար կա օրական պահանջարկը փակելու համար, թեև «բաշխիչ կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումների ընդունումը»։

Առցանց առևտրի խոշորագույն Wildberries հարթակի վրա ԱԹՍ-ների հարձակումներից հետո, որոնց հետևանքով Ռուսաստանի ամենամեծ մարքեթփլեյսը կորցրել է իր պահեստային կարողությունների մոտ 20%-ը և շուրջ 300 միլիարդ ռուբլու ապրանք, ռուսական սննդամթերքի ցանցերում մտավախություններ առաջացան, որ իրենք կարող են դառնալ ուկրաինական արշավի հաջորդ թիրախը։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Լենտայի», ինչպես նաև ավելի քան 30 հազար «Պյատյորոչկա» և «Պերեկրյոստոկ» սուպերմարկետներ ղեկավարող X5 Group-ի թոփ-մենեջերները դիմել են կառավարությանը։

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ մատակարարումների խափանման ռիսկերը նվազեցնելու նպատակով առևտրային ցանցերն այժմ վերանայում են իրենց լոգիստիկան։ Նախատեսվում է ապրանքների հիմնական պաշարները թողնել մատակարարներին և դրանք համալրել ըստ անհրաժեշտության։ Միևնույն ժամանակ, ընկերությունները հրաժարվում են հսկայական հաբերից, որոնց կորուստը սպառնում է կաթվածահար անել ողջ մատակարարման շղթան՝ փոխարենը նախապատվությունը տալով փոքր պահեստների տարածված ցանցին։

«Մագնիտ» և Х5 ցանցերը մատակարարներին առաջարկել են ապրանքներն ինքնուրույն հասցնել խանութներ ու բաշխիչ կենտրոններ, հայտնում են «Կոմերսանտի» աղբյուրները։ Պայմանագրերի վերանայման առաջարկներ են ստացել ձկան, գարեջրի, ածիկի և ըմպելիքների արտադրողները, ինչպես նաև սննդամթերքի խոշոր արտադրողներին միավորող «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիան։

Առաքումը մատակարարի վրա թողնելը միանշանակ կբարձրացնի ծախսերն ու ապրանքի ինքնարժեքը, նշում է «Infoline-Аналитика»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովը։ Այնուամենայնիվ, առևտրային ցանցերը ստիպված են դիմել այդ քայլին, քանի որ ՀՕՊ համակարգերը չեն հասցնում որսալ Ուկրաինայի զինված ուժերի արձակած հարյուրավոր ԱԹՍ-ները։ Ինչպես հայտնում են Financial Times-ի աղբյուրները, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզությունները աջակցում են ուկրաինական զինուժին՝ նախանշելով թիրախները և քարտեզագրելով ռուսական ՀՕՊ տեղակայումները, ինչը թույլ է տալիս շրջանցող երթուղիներ գտնել ՌԴ խորքերում գտնվող օբյեկտներին հասնելու համար։

Share.