Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում մոտ ապագայում կարող է առաջընթաց գրանցվել․ հայտնել է Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին։ Նրա խոսքով՝ միջնորդները զգուշավոր լավատեսությամբ են մոտենում բանակցությունների հետագա ընթացքին և հույս ունեն, որ շուտով կհայտարարվի հրադադարի մասին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շուտով կայցելի Իսլամաբադ։ Այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարն իր իրանցի գործընկերոջը հրավիրել էր հնարավորինս շուտ այցելել Իսլամաբադ։ Իրանը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ և ասել, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվում է Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հարցը։
