Նախորդ 5 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատանքային առաջնահերթությունները ուղեկցել է գոհացուցիչ կերպով և այժմ հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3–ին, կառավարությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով Լիլիթ Մակունցին։

«Ուզում եմ պարոն Հարությունյանին հաջողություն մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության ընթացքում։ Ես կարծում եմ, որ հրապարակային քաղաքական գործչի համար շատ կարևոր է ԱԺ պատգամավորի կարգավիճակը, և դա մի հանգրվան է, որը քաղաքական գործիչը լավ կլինի, որ անցնի։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել, պարոն Հարությունյան, ձեզ կատարված աշխատանքի համար, ես կարծում եմ մենք հինգ տարիների ընթացքում լավ ենք աշխատել»,–ասաց նա։

Արայիկ Վարությունյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին համատեղ աշխատանքի և աջակցության համար. «Ես անձամբ և աշխատակազմը ամեն ինչ արել է այս տարիների ընթացքում, որպեսզի առավել հեշտացնի վարչապետի աշխատանքը և առաջ տանի այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ, ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին լավ համակարգ աշխատակազմում։

Մենք տիկին Մակունցի հետ քաղաքական դաշտում ծանոթ ենք, գործընկերներ և ընկերներ ենք արդեն 2010-11 թվականից։ Այս շաբաթների ընթացքում մենք տիկին Մակունցի հետ այդ անցումային փուլը իրականացրել ենք և տիկին Մակունցը այս պահին գոնե լավ տեղեկացված է գործընթացներին, որոնք տեղի են ունենում և ես պատրաստ եմ շարունակել աջակցել»։

Իր հերթին Լիլիթ Մակունցը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է այս վստահությանն արժանանալը և կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ այն ակնկալիքները, որը դուք ունեք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Հարությունյանին, այս կարգավիճակում իր հաջորդող ների համար շատ բարձր նշաձող սահմանելու համար, և այս ընթացքում անցումային փուլում իր ցուցաբերած աջակցությանը»։

Փաշինյանն էլ ժպտալով ընդգծեց. «Դե, քանի որ անցյալի մասին խոսեցիք, մի երկու բառ էլ ես ասեմ. 2011–ին մենք երեքս մասնակցել ենք «Հիմա» հասարակական կազմակերպության ստեղծմանը և հիմա այդ կազմակերպության անդամ բավականին թվում մարդիկ ներգրավված են պետական կառավարման համակարգում։ Շնորհակալ եմ նաև, որ հիշեցրիք այդ հանգամանքի և ժամանակների մասին, չնայած մեծ հաշվով չէինք էլ մոռացել։

Կրկին, պարոն Հարությունյան, շնորհակալություն։ Շատ կարևոր աշխատանք և առաքելություն է ձեզ սպասվում առաջիկայում։

Քաղաքական հարթակում, կարծում եմ, դա նոր հնարավորություն է և նոր ակնկալիքներ է, բնականաբար, կուսակցության համար ձեր խորհրդարանական դրսևորումը։ Նույնը կարելի է ասելլ նաև ձեր մասին, տիկին Մակունց։

Երբ մի քիչ երկար ենք նույն տեղում աշխատում, շատ կարևոր է, որ անընդհատ մեր հայացքը թարմացնելու ռեսուրսներ գտնենք, որովհետև էդ հայացքը կարող է ուղղակի դառնալ նրբությունները չնկատող։ Սա օբյեկտիվ բան է, ոչ մեկը սրանից չի կարող խուսափել։

Այդ հատկությունը և անհատապես և ինստիտուցիոնալ մակարդակով պահելը, ունենալը և զարգացնելը կարծում եմ շատ կարևոր է կառավարման արդյունավետությունը ապահովելու համար։

Առաջիկա հինգ տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ և, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նկատել և իրացնել հնարավորությունները, և կառավարել մարտահրավերները։

Հիմա արդեն լավ լուրն այն է, որ մենք արդեն փորձառու իշխանություն ենք, և սա իր հետ բերում է և առավելություններ, և թերություններ։ Առավելությունը այն է, որ կուտակված փորձը իհարկե ռեսուրս է, իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը, ինքը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել և պետք է ամեն ինչ անել այդ թմրածությունից խուսափելու համար, և ես համոզված եմ, որ մենք միասին դա կկարողանանք անել»։

Share.