Կոլումբիայի՝ Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Կուկուտա քաղաքում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի երդմնակալությունից վեց օր առաջ, հաղորդել է AFP-ն։
Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտի անվտանգության հարցերով քարտուղար Խորխե Կինտերոյի խոսքով՝ տուժածների թվում են ոստիկանության ութ աշխատակից և երեք քաղաքացիական անձ։
«Սա սարսափելի բռնության ակտ է։ Տեղի ունեցածը խոր ափսոսանք է առաջացնում», — լրագրողներին հայտնել է Կինտերոն։
Ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան դատապարտել է հարձակումը՝ այն որակելով ահաբեկչական։
«Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ մեր Ազգային ոստիկանության դեմ Կուկուտայում իրականացված այս վախկոտ ահաբեկչական հարձակումը։ Ահաբեկչությունը չի վախեցնի Կոլումբիային և չի կոտրի կոլումբիացիների վճռականությունը՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ», — գրել է նա X սոցցանցում։
