Մայրաքաղաքից դուրս բնակվող ամերիկացիները մոտ ժամանակներս կկարողանան ձևակերպել ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով ԱՄՆ անձնագրերի սահմանափակ սերիան, գրում է Associated Press գործակալությունը։
Պետքարտուղարությունում պարզաբանել են, որ օգոստոսին ամբողջ երկրում գործող 27 անձնագրային բաժանմունքներ կսկսեն տրամադրել հատուկ փաստաթղթերը։ Նախկինում դրանք հասանելի էին միայն Վաշինգտոնի գրասենյակում՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնող դիմումատուների համար։
Թրամփը դարձել է առաջին գործող նախագահը, որը պատկերված է ամերիկյան անձնագրում։ Նրա դիմանկարը տեղադրված է ներքին էջում՝ ստորագրության ոսկեգույն ֆաքսիմիլեի վրա։ Կազմը ևս փոփոխված դիզայնով է՝ United States of America գրությունը տեղափոխվել է վերև, Passport-ը՝ ներքև, երկուսն էլ՝ ոսկեգույն դրոշմվածքով։ Հետևի կազմին տեղադրված է ոսկեգույն դրոշ՝ 250 թվով, որը շրջապատված է աստղերով։
Պետքարտուղարությունից հայտնել են, որ մեծ պահանջարկի պատճառով լրացուցիչ թողարկվել է Patriot Passport անվանումն ստացած հոբելյանական անձնագրերի 250 հազար օրինակ։
Դիմումների ընդունման հատուկ մեկօրյա միջոցառումներ կանցկացվեն օգոստոսի 8-ից անձնագրային գրասենյակներում Սենթենիալում (Կոլորադո), Չիկագոյում, Դալասում, Դեթրոյթում, Նոր Օռլեանում, Նյու Յորքում և Սթեմֆորդում (Կոնեկտիկուտ)։ Մեկ ամսվա ընթացքում ցանկը կընդլայնվի։ Հոբելյանական անձնագրի համար կարելի է դիմել միայն անձամբ և միայն նշված օրերին. սովորական անձնագրերի ձևակերպումը կիրականացվի այլ օրերի։
ԱՄՆ-ի գործող անձնագրերում պատկերված են միայն Ռաշմոր լեռան վրա քանդակված նախագահները, ինչպես նաև Ազատության արձանը, Ազատության զանգը, Անկախության սրահը և բնական լանդշաֆտներ։ Ներսում տեղ են գտել Մարտին Լյութեր Քինգի և մի քանի նախագահների մեջբերումները։
