Խաղաղության խորհուրդը հաստատել է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը համաձայնեցրել է զինաթափման ծրագիրը՝ Գազայի հատվածում հրադադարը պահպանելու համար։
«Առաջին անգամ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հանձն է առել ամբողջությամբ զենքը վայր դնելու ծրագրի իրագործումը, որին էլ կհաջորդի Գազայի տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումը», — ասված է ԱՄՆ հովանու ներքո գործող Խաղաղության խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Ըստ հայտարարության՝ այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ծրագրի իրականացման վրա։
«Առջևում վերականգնված Գազան է, որը կառավարվելու է պաղեստինցիների կողմից և ապրելու է Իսրայելի հետ խաղաղության մեջ․ առջևում է նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության արմատական լուծման քաղաքական հեռանկարը», — X-ի իր էջում հավելել է Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։
Միևնույն ժամանակ, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հետ զրույցում բանակցություններում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության անդամ Ղազի Համադը հայտարարել է, որ շարժումը չի իրագործի ձեռք բերված համաձայնությունը, եթե Իսրայելը ձգձգի պրոցեսը։
«ՀԱՄԱՍ-ը խաղաղության համաձայնագրի և ոչ մի կետ չի կատարի, եթե իսրայելական օկուպացիոն ուժերը չանեն իրենց ստանձնած պարտավորությունները», — ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ զինաթափման գործընթացը ղեկավարելու է Գազայի կառավարման ազգային կոմիտեն։
«ՀԱՄԱՍ-ը հաստատուն է իր ազգային նպատակներում և կպաշտպանի պաղեստինցի ժողովրդի իրավունքները», — եզրափակել է Համադը։
Իր հերթին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խիստ հիասթափված» կլինի, եթե Իսրայելը թույլ չտա կյանքի կոչել Գազայի վերականգնման իր 20 կետից բաղկացած ծրագիրը։
«Մենք Իսրայելից չենք պահանջում որևէ բան, որը ներառված չէ ի սկզբանե իրենց իսկ համաձայնեցրած 20 կետանոց ծրագրում, ուստի վստահ ենք, որ նրանք կհետևեն դրան։ Եթե ոչ, նախագահ Թրամփը շատ, շատ հիասթափված կլինի», — նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ Վաշինգտոնում հավատում են, որ Իսրայելը կկատարի գործարքի պայմանները։
«Նրանք շատ կասկածամտորեն են վերաբերվում ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը․․․ Բայց ՀԱՄԱՍ-ն իրոք գնացել է գործարքի և իրականացրել է իր մասը՝ դուրս բերելով զոհվածների մարմիններն ու պատանդներին։ Ուստի մեր նպատակն է ստիպել Իսրայելին նույնպես կատարել իր պարտավորությունները և ապահովել, որ մենք ազնիվ միջնորդ լինենք», — ընդգծել է պաշտոնյան։
Միևնույն ժամանակ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնում է, որ միջնորդների (Կատար, Թուրքիա և Եգիպտոս) հետ ամիսներ տևած բանակցություններից հետո ՀԱՄԱՍ-ը համաձայնել է գործարքի պայմաններին։
Նրանց տվյալներով՝ առանցքային դերակատարում է ունեցել Եգիպտոսի հետախուզության պետ Հասան Ռաշադը, որը հյուրընկալում էր բանակցությունները և սերտ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Խալիլ ալ Հայայի հետ։
Ընդ որում, ըստ պորտալի աղբյուրների, Իրանը ՀԱՄԱՍ-ին մղում էր հակառակ ուղղությամբ։
ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ Թեհրանը փորձում էր համոզել ՀԱՄԱՍ-ին հրաժարվել համաձայնագրից, սակայն խմբավորումը չի հետևել նրա խորհրդին։
Ակնկալվում է, որ զինաթափման ծրագրի իրագործումը կսկսվի առաջիկա շաբաթներին, նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
