Ռուսաստանի խորքում Ուկրաինայի հասցրած հեռահար հարվածների շարքը, որոնք սկզբում թիրախավորել էին տասնյակ խոշոր նավթավերամշակման գործարանները, իսկ հետո՝ Wildberries-ի պահեստները, հնարավոր է դարձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզական աջակցության շնորհիվ։

Ինչպես հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին, ամերիկյան և ֆրանսիական հետախուզական ծառայություններն օգնել են Ուկրաինայի զինված ուժերին ընտրել թիրախները, գնահատել հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումն ու գտնել այնպիսի երթուղիներ, որոնցով անօդաչուները կարող էին հասնել Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող թիրախներին։

Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետախուզական տվյալներն օգնել են ավելի ճշգրիտ ընտրել թիրախները՝ աջակցելով ուկրաինական ստորաբաժանումներին «հասկանալ, թե կոնկրետ որտեղ է պետք հարվածել»։ «Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեկ ամբողջական համակարգ: Այդ համակարգի մեխանիզմները հասկանալը թույլ է տալիս ի հայտ բերել դրա կրիտիկական կետերը, որտեղ հասցված հարվածի ազդեցությունը շատ ավելի զգալի կլինի», — FT-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Զագորոդնյուկը: Նրա խոսքով՝ ամերիկյան և ֆրանսիական հետախուզությունը բարելավել է առաջնահերթ թիրախները որոշելու կարողությունը: Եթե հակաօդային պաշտպանության հակազդման կամ տեխնիկական խնդիրների պատճառով անհնար է դառնում հիմնական թիրախի խոցումը, օպերատորներն անմիջապես անցնում են պահեստային օբյեկտներին:

Հուլիսին առաջին անգամ հարվածներ հասցվեցին ոչ միայն ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, այլև Wildberries ցանցային առևտրային հարթակի պահեստներին։ Ուկրաինայի զինված ուժերը մեկուկես շաբաթվա ընթացքում թիրախավորել են ընդհանուր առմամբ շուրջ 860 հազար քառակուսի մետր մակերեսով ութ պահեստ։ «Վերստկա» պարբերականի հաշվարկներով՝ սա կազմում է ընկերության բոլոր տարածքների մոտ 15,4%-ը։ Ամենամեծ վնասը հասցվել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին, որտեղ հուլիսի 18-ի հարձակումից հետո այրվել է շուրջ 250 հազար քառակուսի մետր տարածք։

Financial Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան փոխել է նաև նավթային ենթակառուցվածքներին հեռահար հարվածներ հասցնելու մարտավարությունը․ գործարանների և ջրամբարների վրա զանգվածային հարձակումների փոխարեն Ուկրաինայի զինված ուժերն այժմ շեշտը դնում են կրիտիկական կարևորության հանգույցների խոցման վրա։ The New York Times-ը գրում է, որ ԿՀՎ-ի փորձագետներն առանձնացրել են սարքավորումների այն հատուկ տարրերը, որոնք փոխարինելը կամ վերանորոգելը չափազանց բարդ է։ Բացի այդ, ԿՀՎ-ն օգնում է ուկրաինացիներին ծովային անօդաչուներով և կամիկաձե-ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Սև, Միջերկրական և այլ ծովերում գտնվող նավթատար տանկերներին։

Հարձակումներից առաջ անօդաչուների անձնակազմերը խորհրդակցում են ճարտարագետների և ոլորտի մասնագետների հետ, ովքեր մատնանշում են սարքավորումների այն կրիտիկական տարրերը, որոնք առանցքային են ձեռնարկությունների աշխատանքի համար և ամենադժվարն են փոխարինվում: Նոր մարտավարության տարրերից մեկն էլ նույն կրիտիկական հանգույցներին պարբերաբար կրկնակի հարվածներ հասցնելն է՝ մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը: Ուկրաինացի ծրագրավորողները ստեղծել են նաև ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների մանրամասն քարտեզը, ինչը թույլ է տալիս ի հայտ բերել այնպիսի օբյեկտներ, որոնց վնասումը կարող է հանգեցնել համակարգի աշխատանքի լայնամասշտաբ խափանումների:

ԱԹՍ-ների հարվածների հետևանքով նավթավերամշակումը դադարեցրել են Տյումենի ՆՎԳ-ն (հուլիսի 28-ին), «Գազպրոմնեֆտեխիմ Սալավատ» ՆՎԳ-ն (հուլիսի 14-ին), «Ռոսնեֆտի» Սիզրանի ՆՎԳ-ն (հուլիսի 12-ին), Սարատովի ՆՎԳ-ն (հուլիսի 8-ին), Օմսկի ՆՎԳ-ն (հուլիսի 6-ին) և «Լուկօյլի» «Նիժնեգորոդնեֆտեօրգսինտեզը» (հուլիսի 2-ին): Energy Intelligence-ի գնահատականներով՝ Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները հուլիսին նվազել են՝ հասնելով օրական 3,58 միլիոն բարելի, ինչը կարող է դառնալ առնվազն 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը:

Share.