ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` մտքեր փոխանակելով Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից ԵՄ պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»,– ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության` վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու` ՀՀ կառավարության պատրաստակամությունը։
Հավելենք, որ ըստ Կրեմլի` Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը կայացել է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք՝ մայիսից 22-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Իսկ հունիսի 2-ից արդեն սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Ավելի ուշ ռուսական գերատեսչություն արգելք դրեց նաև ձուկ–ձկնամթերքի ներմուծման վրա։
ՀՀ իշխանությունները ռուսական սահմանափակումների ֆոնին հատարարել են, որ հայկական ապրանքները կարտահանվեն եվրոպական և այլ երկրներ։
