Թուրքիան հինգ F-16 կործանիչ և 181-րդ Էսկադրիլիայի 76 զինծառայող կուղարկի Էստոնիա՝ Մերձբալթյան երկրների օդային տարածքի պահպանության ՆԱՏՕ-ի առաքելությանը (Baltic Air Policing) մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։

«Այս առաքելությունը մեծ ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության շրջանակում։ Այն զգալի ավանդ կունենա Թուրքիայի միջազգային զսպման հնարավորությունների ամրապնդման, դաշնակից ուժերի հետ փոխգործակցության և ռազմավարական ներուժի բարձրացման գործում»,- Anadolu գործակալությանն ասել է Թուրքիայի ՌՕՈւ փոխգնդապետ Օզդեմիրը։

Hurriyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ռոտացիոն հիմունքներով իրականացվող առաքելության նպատակը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքի պարեկությունն է, քանի որ այդ երկրները չունեն սեփական կործանիչներ։

Դեռևս դեկտեմբերին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն դիմել է Թուրքիային՝ խնդրելով նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ F-16 կործանիչներ տրամադրել Մերձբալթյան երկրների օդային տարածքը պարեկելու համար։ Նշվում էր, որ Դաշինքը մտադիր է կործանիչներն օգտագործել Baltic Air Policing առաքելությունում և 2026 թվականի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ռոտացիա իրականացնել Էստոնիայում։ Թուրքիայի ՌՕՈւ-ն նախկինում պարեկել է Լեհաստանի օդային տարածքը 2021 թվականի հուլիսի 6-ից սեպտեմբերի 15-ը, իսկ Ռումինիայինը՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2024 թվականի ապրիլի 2-ը։

Share.