Պետդուման ընդունել է օրենք, որը կփակի տարեց կանանց հետ կեղծ ամուսնությունների միջոցով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Անհրաժեշտ էր կարգուկանոն հաստատել․․․ ձերբազատվել կեղծ ամուսնությունների այն բազմաթիվ հիմքերից, որոնք նախկինում կային։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ ներգաղթյալները ամուսնություն էին ձևակերպում 80 և բարձր տարիքի կանանց հետ․ այդ ամենը եղել է։ Այդ բոլոր օրենսդրական բացերն այժմ արմատախիլ են արված», – հայտարարել է ստորին պալատի խոսնակը։ Փոփոխություններն ընդունվել են երկրորդ և երրորդ ընթերցմամբ՝ միգրացիոն օրենսդրությունը խստացնող կառավարական օրինագծի շրջանակներում։

Կեղծ ամուսնությունների արգելքից զատ, փաստաթուղթը նոր հիմքեր է սահմանում քաղաքացիության, ժամանակավոր կացության (ԺԿԿ) և մշտական կացության (ՄԿԿ) կարգավիճակների տրամադրումը մերժելու համար։ Այսուհետ օտարերկրացիներին կմերժեն այս կարգավիճակների հարցում՝ ցանկացած չհանված կամ չմարված դատվածության առկայության դեպքում։ Մինչդեռ նախկինում այս կանոնը կիրառվում էր միայն դիտավորյալ հանցագործությունների (քաղաքացիության դեպքում) կամ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում (ԺԿԿ-ի և ՄԿԿ-ի համար)։ Եթե փաստաթղթերն արդեն տրամադրվել են, սակայն հետագայում օտարերկրացու մոտ չմարված դատվածություն հայտնաբերվի, դրանք կչեղարկվեն։ Բացառություն է արված միայն ճանաչված փախստականների և քաղաքական ապաստան ստացած անձանց համար։

Օրենքը խստացնում է նաև փաստաթղթերին ներկայացվող պահանջները․ միգրանտները պետք է ներկայացնեն բնակության երկրից դատվածության առկայության կամ բացակայության մասին թղթային տեղեկանք, որը տրված կլինի դիմումը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։ Այն անձանց համար, ովքեր ունեն մի քանի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, կպահանջվի համապատասխան քանակի տեղեկանք։ Մինչև 14 տարեկան երեխաները, փախստականները, քաղաքական ապաստան ստացածները և ՌԴ Զինված ուժերի պայմանագրայինները ազատվում են այս պահանջից։

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից օրենքը ստորագրվելուց 180 օր անց։ Մինչ այդ ժամկետը ներկայացված դիմումները կդիտարկվեն հին նորմերով։ Օրենքն ընդունվել է «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիոն քաղաքականության ընդհանուր խստացման շրջանակներում։

Share.