Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են՝ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։
«Ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր․ 2 ծրագրեր կառավարությունն իրագործել է, բայց անիրատեսական է և դրանք ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված հարց է լուծվել։ Սակայն ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է հարց լուծվել, ո՛չ էլ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելունը։ Մենք ասել ենք ու էլի ասելու ենք՝ եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է»,- նշեց Ձկնաբույծների միության տնօրեն Գոռ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում առկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։
Արթուր Աթոյանը շեշտեց՝ տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։ 2 ամսում նման ծավալների հասնել եվրոպական շուկայում տնտեսվարողն անիրատեսական է համարում։
Միաժամանակ, շեշտում են՝ դեմ չեն նաև եվրոպական շուկա արտահանմանը, բայց 13 հազարտոննայանոց շուկայի միանգամից տեղափոխումն իրատեսական չէ։
