ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական մարմնի միջնորդությունը բավարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։
Քննությամբ տվյալներ են ստացվել նաև, որ գույքի իրական պատկանելիությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն նախ ձևակերպվել է այլ անձի անունով, ապա 75 մլն դրամով ձեռք է բերվել Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի կողմից։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել, այնուհետ կալանավորվել էր։
