ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Այդ մասին սոցցանցում հայտնում է վարչապետը:

Իր խոսքով, Փաշինյանը մասնավորապես, նշել է. «Վերջին երկու ամսում, սա ձեր արդեն երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը նշանակում է, որ վերջին տարիներին մեր համատեղ ընդունած հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլև կոնկրետ գործեր, որը մենք միասին իրականացնում ենք։

Մայիսին տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթաժողովը Երևանում և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որ ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որը մենք արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն, թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում։

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար, որովհետև մենք տարբեր ձևաչափերով ենք վերջին ամիսներին շփվել, այդ թվում հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանին աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Իհարկե դա շատ տպավորիչ է, և նաև հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-ԵՄ գործակցության և գործընկերության նկատմամբ

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ և բարով եք եկել»։

Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. «Շատ շնորհակալություն պարոն վարչապետ, բարև սիրելի Նիկոլ։ Լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամ է երկու ամսից պակաս ժամկետում և սա ապացուցում է մեր գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը։

Սկզբում կուզեի ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքի կապակցությամբ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը։ Սա մեծ քայլ է և վստահության քվե, որի համար ես շնորհակալ եմ։

Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը, այնպես որ մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել, շատ չմոտենալու Եվրոպական Միությանը։ Մենք դա թույլ չենք տա, մենք գիտենք և մենք ձեզ կօժանդակենք դրանում։ Ուստի ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական Միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար ԵՄ–ն 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որը ընթանում է, որի համար ուզում եմ ձեզ գովասանք հայտնել։

Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են ԵՄ–ն, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, և Հայաստանը այստեղ կենսական դեր է խաղում շնորհիվ իր աշխարհագրական դիրքի։

Մենք այժմ 200 միլիոն եվրո տրամադրել, որը մինչև երկու միլիարդ կարող ենք լծակավորել։ Սրանք կարևոր են փոխկապակցվածության համար այս տարածաշրջանում, ուստի կայունության համար մեր գործընկերության և բարեկամության շատ շնորհակալություն, ես կանխաճաշակում եմ մեր այսօրվա հանդիպումը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին:

Share.