Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի սակարկություններն ավարտել են առանց միասնական դինամիկայի, ընդ որում՝ Nasdaq-ի նվազումը հաջորդել է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գնանշումներին։
Ներդրողները նաև գնահատել են ծավալուն վիճակագրական տվյալներ և կորպորատիվ նորությունները։
ԱՄՆ տնտեսությունն առաջին եռամսյակում աճել է 2,1 տոկոսով՝ տարեկան տեմպերի հաշվարկով, համաձայն առևտրի նախարարության վերջնական տվյալների։ Ավելի վաղ հաղորդվել էր 1,6 տոկոս աճի մասին։ Վերլուծաբանները չէին սպասում ցուցանիշի վերանայման, հայտնել է Trading Economics-ը։
ԱՄՆ բնակչության եկամուտները մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,7 տոկոսով, ծախսերը նույնպես ավելացել են 0,7 տոկոսով։ Փորձագետները միջինը սպասում էին առաջին ցուցանիշի 0,4 տոկոս աճի, երկրորդինը՝ 0,6 տոկոս։
PCE Core ինդեքսը, որը հաշվի չի առնում սննդամթերքի և էներգակիրների արժեքը, մայիսին աճել է 0,3 տոկոսով ամսական և 3,4 տոկոսով՝ տարեկան կտրվածքով (ապրիլին՝ 0,3 և 3,3 տոկոս), ինչը համընկել է կոնսենսուս-կանխատեսման հետ։ Դաշնային պահուստային համակարգը ուշադիր հետևում է PCE Core ինդեքսի դինամիկային գնաճի ռիսկերը գնահատելիս։
Գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թիվը անցած շաբաթ նվազել է 12 հազարով՝ մինչև 215 հազար, վկայում են աշխատանքի նախարարության տվյալները։ Վերանայված տվյալների համաձայն՝ մեկ շաբաթ առաջ ցուցանիշը կազմել էր 227 հազար, այլ ոչ թե 226 հազար, ինչպես հաղորդվել էր նախկինում։ Վերլուծաբանները միջինը սպասում էին կրճատում մինչև 225 հազար՝ նախորդ շաբաթվա ավելի վաղ հայտարարված մակարդակից։
Լաբորատոր սարքավորումների և ռեագենտների մատակարար Bio-Techne-ի արժեթղթերի գնանշումներն աճել են ավելի քան 20 տոկոսով այն լուրերի ֆոնին, որ ընկերությունը գնում է գերմանական դեղագործական և քիմիական Merck KGaA-ն 11,3 մլրդ դոլարով՝ պարտքը ներառյալ։
Micron Technology-ի բաժնետոմսերի գինը աճել է 15,7տոկոսով։ Հիշողության չիպեր արտադրողը երրորդ ֆինանսական եռամսյակում (ավարտվել է մայիսի 28-ին) 4,5 անգամ ավելացրել է հասույթը, ինչը գերազանցել է վերլուծաբանների սպասումները։ Բացի այդ, ընկերությունը բարձր կանխատեսում է արել ընթացիկ եռամսյակի համար։
Acuity-ի արժեքը թռիչքային աճ է գրանցել՝ 17,6 տոկոս։ Ընկերությունը, որը զբաղվում է շենքերի լուսավորության և կառավարման լուծումներով, երրորդ ֆինանսական եռամսյակում (մարտ-մայիս) ստացել է վերլուծաբանների կանխատեսումներից բարձր զուտ շահույթ և հասույթ։
Caterpillar-ի արժեթղթերը թանկացել են 6,3 տոկոսով, Applied Materials-ինը՝ 13,4, UnitedHealth Group Inc.-ինը՝ 2,4, Johnson & Johnson-ինը՝ 1,6, Chevron Corp. և Exxon Mobil Corp.-ինը՝ 0,5 տոկոսով։
Amazon.com Inc.-ը հայտնել է, որ նախատեսում է լրացուցիչ 13 մլրդ դոլար ներդնել Հնդկաստանում՝ ամպային և ԱԲ ենթակառուցվածքի ընդլայնման համար։ Այսպիսով, 2026-2030 թվականներին երկրում նրա ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 48 մլրդ դոլար։ Ընկերության արժեթղթերի գնանշումները նվազել են 3,1 տոկոսով։
Apple Inc.-ի բաժնետոմսերի գինը նվազել է 6,1 տոկոսով այն լուրերի ֆոնին, որ MacBook նոութբուքերի և iPad պլանշետների արժեքը բարձրացել է հիշողության չիպերի ծախսերի աճի պատճառով, դրանց դեֆիցիտի պայմաններում։
Darden Restaurants-ի արժեթղթերը էժանացել են 0,3 տոկոսով։ Olive Garden իտալական խոհանոցի ռեստորանների և LongHorn սթեյքհաուսների ցանցերի օպերատորը չորրորդ ֆինանսական եռամսյակում (մարտ-մայիս) 13,7 տոկոսով ավելացրել է զուտ շահույթն ու հասույթը, սակայն ամբողջ ֆինանսական տարվա համար թույլ կանխատեսում է տվել։
Oracle Corp.-ի արժեթղթերը էժանացել են 3,2, McDonald’s Corp.-ինը՝ 3,4%, Microsoft Corp.-ինը՝ 3,5, Nvidia Corp.-ինը՝ 1,6, Alphabet Inc.-ինը՝ 0,5, IBM-ինը՝ 1,8, Boeing Co.-ինը՝ 1, Walmart Inc.-ինը՝ 2,7 տոկոսով։
Dow Jones Industrial Average-ը հինգշաբթի աճել է 71,72 կետով (0,14 տոկոսով) և կազմել 51920,62 կետ։
Միևնույն ժամանակ, Standard & Poor’s 500-ի մեծությունը սակարկությունների արդյունքներով նվազել է 0,73 կետով (0,01 տոկոսով)՝ մինչև 7357,49 կետ։
Nasdaq Composite ինդեքսը նվազել է 118,03 կետով (0,46 տոկոսով) և սակարկություններն ավարտել 25358,6 կետի մակարդակում։
