ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգ չի տեսնում Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման մեջ։ Նա այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցին

Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերություններն ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում կոմերցիոն հիմունքներով։

Լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել այս համաձայնագիրը` նշելով, որ այդ լուրը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ դարձավ, օրինակ` Հայաստանը կախվածություն է ձեռք բերում, ադրբեջանցիները կարող են դիտարկել Հայաստանից գնացող տրաֆիկը։

«Ընդհանրապես զարմանալի է, քանի որ սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրին է կախվածության բերում, եթե նման բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, և սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա։ Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա` ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի մեր տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է։ Ով նման բան է ասում, ուզում է, որ Հայաստանը լինի կոնֆլիկտի փակուղի»,– հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, և հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ինչքան հնարավոր է շատ մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, քանի որ դա է խաղաղության և անվտանգության երաշխիքը։

Share.