Վատիկանում սկսվում է Վերածննդի դարաշրջանի ամենանշանակալի հուշարձաններից մեկի՝ Առաքելական պալատում գտնվող Ռաֆայելի Լոջայի  մասշտաբային վերականգնումը, որն ավելի քան 500 տարի չի ենթարկվել լուրջ թարմացման, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Վատիկանի թանգարանները հայտարարել են 5,5 միլիոն դոլար արժողությամբ պատշգամբասրահի հնգամյա նախագծի մեկնարկի մասին՝ ուղղված 65 մետրանոց միջանցքի մաքրմանն ու վերականգնմանը, որի ստեղծումը վերագրվում է Ռաֆայելի արվեստանոցին։ Մոտ 4 մետր լայնությամբ այս անցումը համարվում է Վերածննդի դարաշրջանի գեղանկարչության և դեկորատիվ արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը։

Լոջան պալատի երկրորդ հարկում է և պատուհաններով նայում է դեպի Սան Դամազոյի բակը։ Այն փակ է լայն հասարակության համար, սակայն հենց այս միջանցքով են անցնում Հռոմի պապերն ու բարձրաստիճան հյուրերը՝ դեպի ունկնդրությունների սրահներ գնալու ճանապարհին։ Պատերը զարդարված են Հին և Նոր Կտակարանների աստվածաշնչյան տեսարաններով, ինչպես նաև բուսական մոտիվներով զարդանախշերով, որոնք արված են որմնանկարչության և ծեփածոների միջոցով։

Նախագիծը կապված է Ռաֆայելի անվան հետ, որը մշակել է ձևավորումը 1517–1519 թվականներին՝ Լևոն X պապի պատվերով։ Վարպետի առավել հայտնի գործերի թվում են նաև «Ռաֆայելի սրահները», որոնք արդեն իսկ նախկինում վերականգնվել են և բաց են Վատիկանի թանգարանների այցելուների համար։

Ըստ մասնագետների՝ միջանցքը բաղկացած է 13 կամարակապ թռիչքներից և գեղարվեստական միջավայրում այնքան բարձր է գնահատվել, որ այն կրկնօրինակել են, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում դրա լիամասշտաբ կրկնօրինակի ստեղծումը։ Մինչև 19-րդ դարը Լոջան բաց է եղել արտաքին միջավայրի համար և խիստ  տուժել է խոնավությունից ու ջերմաստիճանի տատանումներից, իսկ հետագայում պատուհանների տեղադրումը միայն մասնակիորեն է լուծել խնդիրը։

Վերականգնողները ծրագրում են օգտագործել խնայողական մաքրման տեխնոլոգիա՝ ձեռքի լազերների կիրառմամբ, քանի որ ներկերը զգայուն են ջրի և քիմիական լուծիչների նկատմամբ։ Միաժամանակ նախատեսվում է պատուհանները փոխարինել հատուկ ապակիով, որը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Նախագծի ֆինանսավորումն ապահովում է Սթիվեն Շվարցմանի հիմնադրամը՝ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Հիմնադրամի ընդհանուր ներդրումը գերազանցում է 14 միլիոն դոլարը և ներառում է ոչ միայն վերականգնումը, այլև հաստատության թվային փաստաթղթավորումը, փաստագրական ֆիլմի ստեղծումը և կրթական ծրագիր վերականգնողների համար։

Share.