Իրանը պատրաստ է անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների Խորհրդարանական միության համաժողովի նիստում հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իրանը, հատուկ հետաքրքրություն ունենալով մուսուլմանական երկրների, հատկապես՝ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի և, մասնավորապես, Պարսից ծոցի պետությունների նկատմամբ, հայտարարում է, որ պատրաստ է [այդ երկրների հետ] անվտանգության ոլորտի համաձայնագրեր կնքել, որոնք կամրապնդվեն կայուն տնտեսական համագործակցությամբ։ Սա թույլ կտա պաշտպանել նրանց ընդհանուր թշնամիներից և նրանց տարածքներն անվտանգ դարձնել բոլոր ներդրողների համար», — նրա խոսքերը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։
Ղալիբաֆն ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհի ապագան պետք է կառուցվի «ոչ թե կործանարար մրցակցության, այլ համագործակցության ու տնտեսական ինտեգրման», ինչպես նաև «անընդհատ քաղաքական երկխոսության» հիման վրա։
Նա նաև հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը նախկինի պես պնդում է Մերձավոր Արևելքի երկրներից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը։
